Մեկ կիրակի ու յոթ գավաթ սուրճ
Ամեն կիրակի իմ հարևան Քեյսին փոխում է սրճեփի ֆիլտրը, պատրաստում նոր սուրճ ու կեսօրին մոտ, երբ տենում է, որ ես համառորեն քնում եմ, միացնում է երաժշտություն։ Սովորաբար սկսում է քաունտրիից, հետո կամաց–կամաց անցնում է ռոքի, հետո՝ ավելի ակտիվ, ու ինչպես ասում է դասականը, վերջում.... «չեմ տեսնում Ձեր ձեռքեեերըըըը»...ես արթնանում եմ պանկից հինգ րոպե առաջ։ Բարեբախտաբար...
Սուրճը նախկինում արագ էր վերջանում։ Սրճեփը տեղավորում էր ընդամենը երեք բաժակի պարունակություն։ Երեք կիրակի առաջ էր, որ ես ու Քեյսին գնացինք ու գնեցինք 12 բաժականոց սրճեփ։ Ու հիմա, իմ արթնանալուց ուղիղ տասը ժամ անց, ես դեռ խմում եմ առավոտյան սուրճը՝ իհարկե միկրավալնովկայի (սրա հայերենը ոնց է՞) մեջ նախապես տաքացնելով։
Կեսօրից մի քիչ է անցած լինում, երբ ես ստանում եմ կամ զանգում եմ ԱՄՆ երկու բևեռները՝ Արևելյան ափ և Արևմտյան, այսինքն Լոս ու ԴիՍԻ, մարդավարի ասած՝ Գլենդեյլ ու Վաշինգտոն։ Իմ դիվանագետ ընկերը Վաշինգտոնում ամեն օր ընթերցում է մամուլը՝ հայկական, ռուսական և արևմտյան, դա նրա հիմնական աշխատանքն է։ Ես էլ նրա հիմնական ակնդիրն եմ։ Մամուլի լրաքաղը՝ թարմ սուրճով (2-րդ բաժակն է արդեն) ու բնականաբար ծխախոտով։
Հետո ես հոգնում եմ քաղաքականությունից։ Միացնում եմ համակարգիչս, մի քիչ թափառում ինտերնետով, լցնում 3–րդ բաժակ սուրճս ու սկսում նամակներ գրել կամ պատաստխանել, որոնք կուտակվել էին շաբաթվա ընթացքում։
Ժամը չորսի կողմերը Լոս Անջելեսի հերթն է։ Այնտեղ իմ ընկերը զբաղված է հեռուստաբիզնեսով, գիտի մարդկանց ու լուրեր փոխանակելու արվեստը։ Սովորաբար եթե զանգում է, ու սկսում է շատ–շատ դանդաղ ասել, «Ալոո», նշանակում է, էքսկլյուզիվ ունի...Հեռուստատեսության մասնագետ չէ, բայց բնական ինտուիցիա ունի (այո, դեռ մասնագետ չես, գիտեմ, որ կարդալու ես այս տողերը ու հիմա մի զանգի` դեռ դասի եմ)։ Սովորաբար ամեն ինչից դժգոհ է, բայց երբ գոհ է, շատ բարձր է խոսում՝ գիտեք, երբ որ եկեղեցիում ինչ–որ մեկը բարձր է խոսում, մի տեսակ «բասերը» շատ են լինում։ Այ, այդպիսի ձայն ունի իմ ընկերը։ Մի խոսքով 4-րդ սուրճը նվիրվում է նրան ու նրա միշտ փոփոխվող ծրագրերին և Գլենդեյլյան վերջին բամբասանքներին։
6–ի կողմերը երևում են Քեյսիի կամ իմ այստեղի ընկերները՝ ֆուտբոլ նայելու։ Ամերիկյան ֆուտբոլ։ Կես ժամ նայելուց հետո իմ մոտ արդեն գլխացավ է առաջանում։ Քեյսին պնդում է, որ դա չուտելուց է։ Ես էլ՝ թե ինչու մինչև հիմա չցավեց, հենց սկսեցի նայել, էդ ժամանակ ցավեց։ Մի խոսքով, ընդհանուր հայտարարի չենք գալիս մինչ օրս։ Փոխարենը ես խմում եմ, արդեն կաթով, իմ 5-րդ սուրճը ու արդեն իմ սենյակում ինտերնետով նայում եմ իմ սիրած ամերիկյան ֆիլմերն ու սերիալները, որոնք բաց եմ թողել շաբաթվա ընթացքում։
Մի երեք ժամ նայելուց հետո, գալիս է իմ դասերին նախապատրաստվելու ժամանակը։ Այդ ժամանակ ես պատրաստում եմ իմ վերջին՝ 7–րդ սուրճը, անջատում եմ iPod–ը, անջատում եմ iHome–ը, անջատում են բջջայինս ու....ինչպես միշտ՝ այս անգամ էլ իմ բլոգում եմ սկսել գրել։ Հոգ չէ, այնքան սուրճ եմ խմել, որ դեռ մինչև կեսգիշեր, դեռ ավել էլ կդիմանամ։ Հետո էլ՝ ոնց–որ Քեյսին պիցցա է պատվիրում...դա նշանակում է դեռ հյուրեր ենք ունենալու գարեջրով։ Այնպես որ, ինչպես միշտ՝ կպարապեմ դասի գնալուց առաջ՝ առավոտյան վեցին։
Ինչպես էր քո կիրակին բարեկամ ։)
P.S. Անշուշտ ոչ բոլորն կիրակիներն են իրար նման։ Ընդհակառակը, ամեն կիրակի տարբեր է։ Հիշատակվում է այս մեկը, հաշվի առնելով հանգամանքը, որ բլոգը կարող են կարդալ նաև անչափահասներ։)))))) Ամեն դեպքում մի բան անփոփոխ է՝ սուրճի քանակը։