Լրագրողական դիտարկումներ ու նոթեր

Ժուռնալիստիկայի նոր դեկանը

Posted on Tuesday 27 November 2007 at 12:43 AM in News and Analysis

Անանյանի վախճանից հետո այսօր լրագրողական աշխարհի թերևս ամենակարևոր ընտրությունը ԵՊՀ Ժուռնալիստիկայի ֆակուլտետի դեկանի ընտրությունն է։

Ասում են՝ մահացողի մասին կամ լավ կամ ոչինչ։ Բայց փաստ է, որ Անանյանը անդամահատեց ֆակուլտետը, աշխատանքի ընդունեց անդեմ դասախոսների, իսկ ֆակուլտետը քարե դարից այն կողմ չէր անցնում, երբ ինտերնետը մինչև հիմա դեռ համարում են նոր մեդիա։

Այս անգամ ուսանողներին շանս է տրված մասնակցելու դեկանի ընտրությանը և իսկապես ընտրել լավագույնին։ Այնպիսի մարդու, որը կկարողանա ներդրումներ բերել, զինել ֆակուլտետի տեխնիկան, հրավիրել դասախոսների, ուղարկել ուսանողների արտասահման, աշխատել լրատվամիջոցների հետ, կազմակերպել սեմինարներ ու հատուկ դասախոսություններ։

Սովորաբար ուսանողները լրագրության մասին սովորում են, երբ մեկնում են առաջին պրակտիկայի։ Սակայն այն պետք է սկսվի հենց առաջին օրը և շարունակվի ուսումնառության վերջին օրը։ Ու կարծում եմ հենց այդ պատճառով դեկանի ընտրությունը պետք է քննարկվի ավելի լայն շրջանակներում ու գուցե պարտադիր պայմաններից հանվի օրինակ դոցենտ կամ թեկնածու լինելը։

Իմ կարծիքով լավագույն դեկաններից կարող է լինել Արամ Աբրահամյանը։ Ինչ եք կարծում։ Որն է ձեր թեկնածո՞ւն։ Միայն չասեք Նաղաշը՝ գրառումը կջնջեմ։)))))

Սպասված իրադարձության սպասված լուսանկար

Posted on Friday 16 November 2007 at 12:24 AM in News and Analysis

Սանկտ Պետերբուրգում, այն տանը, որտեղ ապրել է գրողը, բացվել է հուշատախտակ, որտեղ գրված է.՝ այստեղ ապրել է Սերգել Դովլաթովը։ Դովլաթովին նրա ընթերցողներից շատերը և անձամբ ես հայտնաբերել են հետմահու։

Այդ ժամանակ Մոսկվայում էի։ Վերապատրաստման։ Երկուսով էինք Հայաստանից՝ ես ու մի գործընկեր՝ հանդարտ խառնվածքով, դանդաղ քայլքով ու խաղաղ բնավորությամբ (որոշ մարդիկ նրան կանվանեին՝ դինջ) աղջիկ էր, որը պարզվեց զբաղվում է նաև ռուս–հայերեն գրքերի թարգմանությամբ։

Սովորաբար երեկոները ես անցկացնում է սրճարաններում կամ ակումբներում, նա՝ չգիտեմ որտեղ։ Այդ օրը միասին գնացինք գրախանութ։ Երկուսս էլ լիքը գրքեր գնեցինք։ Ես չեմ հիշում ինչ էի անել՝ կարծես Կորտասար և մի քանի մասնագիտական գրականություն։ Որոշեցի հյուրանոցում ստուգել, թե ինչ է ինքը գրել։ Ասաց Դովլաթով։ Ասացի, թե չգիտեմ այդ հեղինակին։ Առաջարկեց կարդալ, անգամ չկարդալ՝ աչքի տակով անցկացնել։ Վերցրեցի «Կոմպրոմիսը»։

Ու աշխարհն այդ օրվանից այլևս ինձ համար նույնը չէ։ Կան հեղինակներ, որոնց սիրում ես, որոնց ընդունված է սիրել կամ չսիրել, որոնց մասին ընդունված է խոսել, բանավիճել։ Դովլաթովի մասին չես կարող շատ խոսել, որովհետև մեծ հաշվով շատ մեծ փիլիսոփայություն չի առաջարկում։ Ուղղակի Դովլաթովը դառնում է քո ընկերը, քո հայրը, քո եղբայրը, քո բարեկամը, քո մենության միակ վկան, ականատեսը, քո մտավոր մարզիչը...Դովլաթովը դառնում է քո կենացների հիմնական ներշնչանքը, քո կատակների մեծ մասի հեղինակը, քո սիրո խոստովանության և գինարբուքի կնքահայրը։

ՈՒ շատ շնորհակալ եմ իմ «դովլաթամոլ» ընկերոջից ու համախոհից, որ ուղարկել է այս նկարը  Պետերբուրգից։ Այս առիթով առաջարկում եմ այս ուիկ–էնդին կարդալ «Կոմպրոմիսը» և հարբել։

Լյովան, թե Դիմա՞ն

Posted on Thursday 15 November 2007 at 10:03 PM in News and Analysis

Ինչ ասեմ, ուղղակի զարմանալ կարելի է։ Ժամանակը անցնում է մարդկանց կողքով, քաղաքակրթությունը շրջանցում է, էլ չեմ ասում քաղաքական մշակույթը։ Հրավիրել Դիմա Բելանին, որ ելույթ ունենա հաջորդ օրը Ազատության հրապարակում և  մի 100 հազար դոլար ծախսել միայն նրա համար, որ հրապարակի կեսը զբաղեցված լինի՞ ուրբաթ, երբ Լևոն Տեր–Պետրոսյանի հանրահավաքն է լինելու։

Ես չգիտեմ, թե ում գլխում է առաջացել էդ գաղափարը, բայց ուղղակի զավեշտալի է։ Զավեշտալի էլ չի, այլ ՈՂՈՐՄԵԼԻ։ Էդ աստիճանի գավառամտություն մեր օրերում ուղղակի ֆենոմենալ է։ Ես ինձ որևէ ճամբարի համախոհ կամ համակիր չեմ համարում, բայց այն ինչ տեղի է ունենում օգնելու է ԼՏՊ–ին, ոչ թե խանգարելու։

Լավ, ինչքան կարելի է «տապորով» աշխատել, «ոռով» մտածել (հազար անգամ ներողություն բառի համար, բայց իսկապես տեղին է) ու գեղի կլուբի մակարդակի «լակոտություններով» փորձել քաղաքական պայքար տանել։ Լավ ինչքան։ Անում են այնքան, որ էս ժողովուրդը մի օր իսկապես ոտքի հելնի ու ասի՝ հերիք է։

Հնարավոր չէ՞ ավելի խելացի գտնվել, ավելի հանգիստ և ծանրակշիռ առավելության հասնելու մեթոդներ մտածել։ Ի վերջո, հնարավոր է՞ ուղղակի ջենթըլմեն գտնվել։ Պարզ, իմաստուն և հայրենասեր։ ՈՒ ոչ թե «լակոտական» խայթոցներով փորձել ինչ–որ մեկին խանգարել։ Ուղղակի ողորմելի է...

Մյուս կողմից, եթե Մուկը, իր անգրագետ հալով դարձել է փոխվարչապետ, Դոդը՝ ԱԺ խմբակցության առաջնորդ, Անդոն դեռ նախարար է, գեղացի Երվանդն էլ՝ մայրաքաղաքի պետ, էլ ինչ եք ուզում։ Վերջինն ամենաշատն է ինձ հունից հանում...

Հայ տղերքի վիզան մերժել են

Posted on Wednesday 14 November 2007 at 11:58 PM in News and Analysis

Դեռ հոկտեմբերին Լոս–Անջելեսում պետք է կայանար «Հայ տղերքի» մենահամերգը, որից հետո նրանք պետք է մասնակցեին Armenian Music Awards մրցանակաբաշխությանը։ Սակայն ԱՄՆ դեսպանատունը տղերքին վիզան մերժել է։ Պարզվել է, որ նրանք վիզա ցանկացել են ստանալ մրցանակաբաշխությանը մասնակցելու համար, մինչդեռ պետք է խնդրեին բինզես–վիզա։ Խնդիրն այն է, որ բիզնես–վիզայի դեպքում, նրանք մենահամերգից հետո գոյացած եկամտից պետք է հարկեր մուծեին, իսկ եթե ստանա հրավիրյալի վիզան, ապա հարկեր չէին մուծի։  

Դժբախտաբար, տղաների պրոդյուսերի «շուստրիությունը» նրանց վրա թանկ է նստել։ Նրանց մերժել են, քանի որ դեսպանատունն ինքն է պարզել այցի նպատակները (պաստառները ամոբղջ գլենդելով մեկ փակցված էին, գումարած՝ գովազդը) ։ Այստեղ ընդամենը մեկ բան է «Հայ տղերքին» մնում՝ աշխատանքից ազատել պրոդյուսերին, հրաժարվել խոպանչու հոգեբանությունից և փորձել ևս մեկ անգամ, արդեն ազնիվ ճանապարհով վիզա ստանալ։ Ամերիկայում նրանք ունեն երկրպագուների մեծ բանակ։ Ես էլ եմ լսում «Հայ տղերք»։ Եվ կարծում եմ, Ամերիկյան շուկան ոչ միայն շահութաբեր է, այլև խիստ ուսուցողական։ Այստեղ շատ բան կա սովորելու անգամ նրանց համար։

Նախկին ու ներկա ֆավորիտները. Գռզոն ու Գագոն

Posted on Tuesday 13 November 2007 at 08:14 PM in News and Analysis

Այն, ինչ կատարվում է Սիլ կոնցեռնի հետ ուղղակի ապշելու է։ Նախագահական ընտրությունների շեմին գործել այդքան հետադիմական մեթոդներով ու այն էլ ում դեմ՝ Գռզո՞յի, առնվազն պետք է ապուշ լինել։ Իսկ ամենացավալին այն է, որ ցանկանալով կոնցերնին վնասել, բայց չկարողանալով դա անել, ըստ Ազատության, սկսել են «շեստոյ» տանել հաշվապահին, պահեստապետին ու անգամ պահակին։ Ավելի ողորմելի տեսարան պատկերացնել հնարավոր չէ։

Ու ամենակարևորը՝ ինչի՞ համար։ Որ մարդն ունի քաղաքական այլ նախապատվություն։ Ինչ անենք՝ թող ինքն էլ Լևոն Տեր–Պետրոսյանին պաշտպանի։ Եվ կամ, եթե իսկապես կասկածում եք, որ Սուքիասյանները հարկային մուտքեր են թաքցնում, ապա դա ժամանակին արեք ու ամենակարևորը՝ մի խառնեք «շեստոյին», որը թերևս ամենավատ համբավ ունեցող ոստիկանության ստորաբաժանումն է։ Հենց այս հալածանքները սկսելով՝ այսօր իշխանությունը ավելի վատ չի կարող հեղինակազրկել Սերժ Սարգսյանին։ Ավելի վատ սև PR ուղղակի մտածել հնարավոր չէ։ Գործարարի՞ն հալածել։ Էն էլ Գռզոյի՞ն, որ վաղուց, շատ վաղուց աշխատում է միջազգային չափանիշներով, իր մոտ է հավաքել շատ լավ թիմ ու եթե մի բան ուներ թաքցնելու կամ չվճարելու, ապա դա արել է շատ վաղուց։ Ուշացել եք։

Եվս մեկ բան՝ իշխանությունն ունի իր դեմքը։ Ու եթե ԼՏՊ–ի «գործարարը» Խ. Սուքիասյանն է, ապա ներկայինիսը Դոդի Գագոն՝ բութ, տափակ, անտաշ ու անճաշակ։ Ու վարչապետը ճիշտ է անում, որ որևէ կերպ իրեն չի ասոցիացնում նրա հետ։ Հա, ի դեպ, անճաշակ որակման իրավացիության մեջ համոզվելու համար առաջարկում եմ այս վիդեոն, որը հատված է Դոդի Գագոյի աղջկա հարսանիքից ու որտեղ ցույց են տալիս նրա «տան» կամ ինչպես գործընկերներիցս մեկը կատակեց «Դոդավանքի» նախասրահը։ Տրետյակովկան գլուխը պատով է տվել...

Lost in Translation: Թերրի Դեվիս

Posted on Thursday 8 November 2007 at 10:22 PM in News and Analysis

Շատ զվարճալի պատմության մեջ են հայտնվել հայ լրագրողները։ Օսկանյանի հետ միասին նրանք ականատես են եղել, թե ինչպես է ղարաբաղցիներին ԵԽ գլխավոր քարտուղարը համեմատել եվրոպացի արվամոլների հետ։ Դե պարզ է, որ հետո Դեվիսն ասել է, որ իրեն սխալ է հասկացել և իրականում ինքը ընդամենը մարդու իրավունքների պաշտպանության տեսանկյունից օրինակ բերել և ամենայն հավանականությամբ բերել է անհաջող օրինակ։

Հարցն ամենևին է Դեվիսը չէ։ Հարցը նա է, որ ներկա գտնվող լրագրողներից որևէ մեկը չի ասել՝ խնդրում եմ կոռեկտ գտնվեք, ինչ էիք ուզում դրանով ասել...որովհետև դժբախտաբար հայկական լրագրության որակը գնալով ոչ թե նվազում է, այլ աննկարագրելի տեմպերով գահավիժում է։ Այսպիսի անորակ լրագրություն Հայաստանը երբեք չէր ունեցել։ Ու գլխավոր հարցը, ինչպես միշտ մնում է՝ ինչ անել։

Բրիտնի Սպիրսն ու Հայաստանը

Posted on Friday 2 November 2007 at 02:10 PM in News and Analysis

Այսօր էր, թե երեկ կարդացի հոդված, որտեղ լրագրողի ասածը հետևյալն էր՝ թե վերջերս, ինչ Լևոն Տեր–Պետրոսյանը հայտարարել է իր առաջադրման մասին, ոչ ոք այլևս Հայաստանի մասին չի գրում, որովհետև սպասում են իրադարձությունների զարգացմանը։ Ու մեկ էլ, թե վարչապետի այցը ԱՄՆ–ում և Ֆրանսիայում չեն լուսաբանել, քանի որ իրադարձություն չէր և հետո էլ՝ ԼՏՊ–ի հայտնվելուց հետո նա արդեն թիվ մեկ նախագահացուն չէ։

Հասկանալու համար, թե ինչու է Ամերիկյան մամուլը կամ Արևմտյան մամուլը լռում, գոնե պետք է ապրել այնտեղ։ Ու տեսնել, որ իրականում ախր մեր Հայաստանը էնքան աննշան, էնքան անհետաքրքիր թեմա է, որ ոչ մի նորմալ լրատվամիջոց չի անդրադառնա դրան։ Մեզ բոլորիս, ի ծնե թվում է, թե մենք յուրահատուկ ենք ՄԱԿ–ի անդամ մյուս 117 երկրներից։ Բայց ախր դա այդպես չէ։

Իսկ ինչ պետք է գրի Արևմտյան մամուլը՞՝ որ ևս մեկ թեկնածու է հայտնվել, որ հանրահավաք է եղել, թե որ առաջին նախագահը էլի ուզում է նախագահ դառնալ։ Դա այս պահին տեղի է ունենում աշխարհի գոնե մի 30 երկրում։ Որ մեկի մասին գրի։

Ուզում եք իմանալ կոնկրետ Ամերիկյան մամուլը ինչի մասին է գրում. այս շաբաթվա թեմաներն են

  •  Բրիտնի Սպիրսի նոր ձայնասկավառակը «Blackout»
  • Հուգո Չավեսի նոր ձայնասկավառակը
  • Դեմոկրատների բանավեճը NBC-ով
  • Ի վերջո այս շաբաթ Հալոուինն էր....
  • Վրաստանի հանրահավաքները
  • Իրաքը, որպես հավերժ հրատապ թեմա

Վերջերս զրուցում էի Պետդեպարտամենտի մի պաշտոնյայի հետ։ Գիտեք ի՞նչ ասաց. որ ամեն օր Վաշինգտոն է գալիս 5-10 Պետական պատվիրակություն։ Հիմա պարզ է՞, որ հայկական թեման ամերիկյան մամուլով կլուսաբանվի այնքան ժամանակ, մինչև Հայաստանում տեղաշարժ լինի։ Իսկ դա կլինի առավելագույնը փետրվարին։ Մինչև այդ, ոչինչ մի սպասեք։ Իսկ փետրվարին էլ՝ գուցե փոքրիկ մի պարբերություն չորս նախադասությամբ։ Ինչ վերաբերում է ռուսական լրատվամիջոցներին, ապա նրանց մասին ուղղակի ամոթ է խոսելը...

Ռուբեն Հախվերդյան. «Մեր ֆեոդալները»

Posted on Tuesday 30 October 2007 at 12:22 PM in News and Analysis

Երգահան Ռուբեն Հախվերդյանը պատասխանելով լրագրողի հարցին ասել է, թե ինքը դեմ է որ իր տղան պաշտպանի հայրենիքի սահմանները, քանի որ նա, փաստորեն դրանով պաշտպանելու է կալվածատերերին։

      Ռուբեն Հախվերդյան

«Իմ տղան գնալու է կռվի հայրենիքի՞ համար, թե՞ այն կալվածատերերի, որոնք այս հողերը զավթել են։ Հայ կալվածատերերի մասին է խոսքը, որոնք անօրինական ձևով փող վաստակեցին։ Այդ փողը դրեցին հողեր առան, ու հիմա ամեն մեկը մի շենք է զավթել։ Ունեն իրենց գազանանոցները, չգիտեմ ինչերը, Ջիփեր ունեն։ Իմ երեխան գնալու է դրանց համա՞ր կռվի։ Եթե վաղը Ռուբոն միշտ էլ պատերազմ լինի, իմ երեխուն ինչ–որ ձևով հետ կբերեմ բանակից ու կասեմ՝ դու պատերազմ չես գնալու՝ սրանց կալվածքները պաշտպանելու համար, որովհետև սա հայրենիք չի, սա ֆեդալական երկիր է»։

դիպուկ է խոսացել։ Բայց այս դեպքում ակնհայտ է, որ ակնարկը Դոդի Գագոյին է վերաբերում, որը հավանաբար Ռուբոյին հրաժարվել է փող տալ։ Երկրորդը՝ որքան տեղյակ եմ Ռուբոն երկու դուստր ունի։ Բայց ինչու է խոսում բանակային որդու մասին...։ Երևի երկրի նկատմամբ իր վերաբերմունքը ցույց տալու համար։ Դուք ինչ եք կարծում։

UPDATE!!! Մեր ընթերցողներից հայտնեցին, որ Ռուբեն Հախվերդյանն այնուամենայնիվ ունի որդի, այն էլ մեծահասակ ու զորակոչի տարիքի։ Նա 23-24 տարեկան է։

Վեհափառը՝ Վաշինգտոնում

Posted on Thursday 25 October 2007 at 09:39 PM in News and Analysis

Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդը շարունակում է իր այցը Միացյալ Նահանգներ"։ Հոկտեմբերի 11–ին, մյուս հոգևոր առաջնորդների հետ, նա մասնակցել է կրոնական ազատություններին նվիրված համաժողովին Վաշինգտոնում։ Դրա շրջանակում հոգևոր առաջնորդներն այցելել են Ջեֆերսոնի հուշարձան, որի լուսանկարները ստորև ներկայացված են։ Դրանից հետո, Հայրապետը մեկնել է Նյու–Յորք։ Ամեն ինչ կարծես նորմալ է, բայց չեք կարծում, որ Վեհափառը մի քիչ շատ մնաց ԱՄՆ–ում։ Արդեն մոտ երկու ամիս է։ Ինչ է անում նա այսքան ժամանակ։  

 

Վարչապետի ԱՄՆ այցի կապակցությամբ

Posted on Thursday 25 October 2007 at 03:43 PM in News and Analysis
Այս շաբաթ վարչապետը Ամերիկայում էր։ Վաշինգտոնում։ Այցի մանրամասներին նոր բան չունեմ ավելացնելու, հետո էլ, անգամ ունենայի, էթիկայի տեսանկյունից, սխալ է ու չէի գրի։ Բայց մեկ մարդու մասին անպայման ցանկանում եմ խոսել։

 Եթե Սերժ Սարգսյանը, խոստանա, որ նախագահ դառնալու դեպքում նոր կառավարությունում կլինեն Առևտրի և Տնտեսական զարգացման նախարար Ներսես Երիցյանի պես գոնե ևս հինգը, ապա ես խոստանում եմ անվճար մասնակցել նրա քարոզարշավին։  

Ներսես Երիցյան

 Եթե որևէ մեկը տեղյակ չէ, ասեմ՝ Ներսես Երիցյանը այս կառավարության բացառիկ խելացի, տաղանդավոր, հայրենասեր ու ամենակարևորը՝ ազնիվ մարդ է, ով հղպացած չէ անձնական շփումներում, ունի առողջ հումոր և ռացիոնալ դատողություն։ Եթե Ներսեսի պես տղերքը շատացան կառավարությունում, նշանակում է երկիրը կարելի է ոտքի հանել։ Ներսեսի պես տղերքը նախագահականում եթե խոսելու իրավունք ունեցան, նշանակում է ամեն ինչ կարող է փոխվել։ Ներսեսը հենց այն դասական օրինակն է, որի մասին ասում են՝ նոր սերունդ է պետք, նոր մտածողությամբ։ Ուղղակի հիացած եմ այս նախարարով, ու հպարտ եմ, որ ինքը կա։

Հիմա, որ նայում ես կառավարության կազմին՝ հասկանում ես՝ դարն ապրել են, դրանք դինազավրեր են...նրանց արտահայտած մտքերից մինչև իսկ օգտագործած բառերը, պահելաձևն ու մտածողությունը, հնացած է։ Էդ մարդիկ եթե ոչինչ չանեն, ապա արդեն իսկ իրենց ներկայությամբ արգելակում են զարգացումը։ Նրանցից վարչապետը պետք է ձերբազատվի՝ որքան շուտ, էնքան լավ...եթե իսկապես ցանկանում է նոր որակի երկիր կառուցել։


Last Page | Page 1 of 5 | Next Page
Sedo - Buy and Sell Domain Names and Websites project info: armblogs.info Statistics for project armblogs.info etracker® web controlling instead of log file analysis