Ձմեռ՝ օրացույցին, ծառերին և մեր հոգիներում
Posted on Sunday 2 December 2007 at 12:51 PM in Personal
– Ինչպես անցկացրեցիր ուրբաթ գիշերդ,–հարցրեց ընկերս Վաշինգտոնից։
–Ապեր, գլխացավից մեռնում եմ...
–Պարզ է, ալկոհոլիկ...
–Չէ, չէ, ես չեմ խմել, ուղղակի մեծ խանդավառությամբ դիմավորել եմ ձմռան առաջին օրը
Այս երկխոսությունից 12 ժամ առաջ...
Ուրբաթ երեկոն Ամերիկայում սեքսի և հանգստի օր է։ Ու քանի որ իմ մոտ էլ սեմեստրի վերջն է, ապա երկուսի մասին էլ, բացի տեսական զրույցներից իմ հարևանի հետ, ավելին լինել չէր կարող (Օրինակ, կարող ենք երկար ժամանակ զրուցել թե ո՞րտեղ կարելի է ավելի լավ դահուկ քշել՝ Յութայո՞ւմ, թե՞ Կոլոռադոյում, կամ ո՞ր դերասանուհին է ավելի սեքսուալ՝ Ջեննիֆեր Էնիստո՞նը, թե՞ Անջելինա Ջոլին, կամ մեր հավերժ կռվի թեման՝ մարիխուանա ծխելը համարվում է թմրամոլությո՞ւն, թե՞ ուղղակի լիցքաթափման միջոց, ինչպես օրինակ վիսկին)։
Մի խոսքով, դելատ բիլո նեչեգո, դելո բիլո վեչերոմ...Նոյեմբերի 30–ի երեկոյան իմ հարևան Քեյսին թակեց դուռս...թե գնում եմ խմիչքների խանութ։ Գալիս եմ։ Գնացինք։ Ամերիկայում ես մի հատ պրոբլեմ ունեմ։ Չեմ կարողանում ընտրել՝ օրինակ, ֆրանսիական գինի, թե իտալական, կարմիր, թե սպիտակ...Քեյսին էլ առանձնապես կոնկրետ չէ իր որոշումներում։
Հանդիպեցիք ավտոկանգառում։ Պարզվեց՝ շատ ենք առել...Որոշեցինք մեր բնակարանում ստեղծել «բառ»։ Սեղանն էլ ունեինք։ Մի քանի րոպեից այն լցվեց։ Հետո էլ՝ հո մենակ չէինք խմելու։ Ու մինչև ես կգնայի սպորտսրահ մի քիչ մարզվելու, մինչև եկա՝ Չիլիական կաբերներ–շավինյոնս արդեն կեսին էր հասել...
Կա չէ՞ մարդկանց տեսակ, որ իրենց զանգես, նույնն է, թե ևս մի 12 հոգու։ Քեյսին ճակատագրական սխալ էր կատարել ու զանգել էր իր մտերիմ ընկերներից մեկին՝ Դաստինին՝ արի խմելու։ Դաստինն եկել էր իր ընկերուհի, յոգայի ուսուցիչ Ջեյնի հետ, Ջեյնը զանգել էր Թրոյին ու Աննային, Դաստինն էլ ճամփին վերցրել էր մի հատ աղջկա, որ եկել էր երկու մեծ շնով, որն էլ իր հերթին հրավիրել էր մի հատ տղու, որ պայքարում էր համաշխարհային ջերմացման դեմ ու դրա համար չէր սափրվում...
Ինձ ինչ՝ ես նորմալ էի, միայն թե չիլիական գինիս արագ էր սպառվում։ Ու քանի որ դուրս շատ էր գալիս, որոշեցի, որ ամենաշատ խմողը ես պետք է լինեմ...էդ ընթացքում շներով աղջիկը պատրաստում էր ինչ–որ կոկտեյլներ, ասում էր՝ բաղադրատոմսերը սովորել էր Իռլանդիայում։ Մենք էլ որպես տանտերեր, առաջին փորձողներն էինք...
Ուղիղ կեսգիշերին ազդարարվեց՝ պարոնայք շնորհավորում ենք։ Այսօր պաշտոնապես դեկտեմբերի 1-ն է, 2007–ի ձմռան առաջին օրը։ Ու ձյուն չկա։ Խմեցինք այդ առիթով նույնպես։ Հետո՝ կենացների բովանդակությունը գնալով ավելի կիսադեպրեսային–քաղաքական էր դառնում, օրինակ, բոլոր 30 տարեկան չամուսնացած դեմոկրատների համար, ովքեր հասկանում են, որ Օբաման դժվար ընտրվի, բայց և համոզված են, որ առաջինը ԱՄՆ նախագահ կլինի սևամորթը, քան թե կինը։
Դաստինի յոգոտ ընկերուհին անընդհատ պատմում էր տանտրայի, մոջոյի և այլ անհասկանալի բառերով բաների մասին,որ չէիր հասկանում, թե ինչ է՝ հոգեվիճակ, կամասուտրայի պոզա, թե ուղղակի ես էի խմած ու չէի կարողանում հասկանալ նրա անգլերենը...
Քանի որ երկար ժամանակ շատ չէի խմել, ապա այդքան ալհոկոլ սպառելուց օրգանիզմիս արձագանքը ավարտվեց զուգարակոնքի հետ հաճախակի շփումներով և կիսաուշագնաց քնով։ Հիշում եմ մինչև քնելս ասացի՝ տե կտեսնեք, վաղը ձյուն կգա։ Էս Ամերիկայում անգամ եղանակն է պլանավորված։ Բոլորը լսեցին, բայց ոչ–ոք չարձագանքեց, որովհետև Քեյսին այդ ժամանակ ամբողջ ուժով հայհոյում էր բնապահպան անթրաշին...
Կեսօրին մոտ, աչքերս բացեցի սուրճի թարմ բույրից ու շատ ուժեղ սպիտակից...Դրսում խորը ձմեռ էր։ Սպիտակ։ Հանգիստ...Ճիշտ էի էլի...Ամերիկայում անգամ ձմեռն են ծրագրավորում։ Սուրճի փոխարեն պիցցա կերա, թեյ խմեցի ու նորից քնեցի...Երեկոյան զբաղված էի՝ գնալու էի Հիլարի Քլինթոնի նախընտրական արշավին մասնակցելու։ Հա, էդ առումով երեկոյան խիստ քննադատության ենթարկվեցի, բայց չեմ հիշում ինչի համար...կարծեմ՝ բոլորը դժգոհ էին նրա առաջարկված բժշկական ապահովագրության նոր ծրագրից։ Բայց դե ինձ ինչ..., հա, որ ասեցի «ինձ ինչ», կարծեմ դրա համար...
Միով բանիվ, ինչպես կասեր մի խելագար գրաբարի–դասախոս լրագրող (հները կիմանան ում մասին է խոսքը)...Քո մոտ ինչ կա չկա բարեկամ, ձյուն կա՞...
P.S. Հենց նոր շներով աղջիկը զանգեց։ Շները լուծ են։ Ինչ–որ մեկը նրանց գարեջուր էր խմացրել։ Քեյսին մի կես ժամ համոզում էր, որ շները, ինչպես նաև բոլոր ստամոքս ունեցող արարածները, լուծից չեն մահանում...գոնե միանգամից
Մեկ կիրակի ու յոթ գավաթ սուրճ
Posted on Sunday 4 November 2007 at 08:43 PM in Personal
Ամեն կիրակի իմ հարևան Քեյսին փոխում է սրճեփի ֆիլտրը, պատրաստում նոր սուրճ ու կեսօրին մոտ, երբ տենում է, որ ես համառորեն քնում եմ, միացնում է երաժշտություն։ Սովորաբար սկսում է քաունտրիից, հետո կամաց–կամաց անցնում է ռոքի, հետո՝ ավելի ակտիվ, ու ինչպես ասում է դասականը, վերջում.... «չեմ տեսնում Ձեր ձեռքեեերըըըը»...ես արթնանում եմ պանկից հինգ րոպե առաջ։ Բարեբախտաբար...
Սուրճը նախկինում արագ էր վերջանում։ Սրճեփը տեղավորում էր ընդամենը երեք բաժակի պարունակություն։ Երեք կիրակի առաջ էր, որ ես ու Քեյսին գնացինք ու գնեցինք 12 բաժականոց սրճեփ։ Ու հիմա, իմ արթնանալուց ուղիղ տասը ժամ անց, ես դեռ խմում եմ առավոտյան սուրճը՝ իհարկե միկրավալնովկայի (սրա հայերենը ոնց է՞) մեջ նախապես տաքացնելով։
Կեսօրից մի քիչ է անցած լինում, երբ ես ստանում եմ կամ զանգում եմ ԱՄՆ երկու բևեռները՝ Արևելյան ափ և Արևմտյան, այսինքն Լոս ու ԴիՍԻ, մարդավարի ասած՝ Գլենդեյլ ու Վաշինգտոն։ Իմ դիվանագետ ընկերը Վաշինգտոնում ամեն օր ընթերցում է մամուլը՝ հայկական, ռուսական և արևմտյան, դա նրա հիմնական աշխատանքն է։ Ես էլ նրա հիմնական ակնդիրն եմ։ Մամուլի լրաքաղը՝ թարմ սուրճով (2-րդ բաժակն է արդեն) ու բնականաբար ծխախոտով։
Հետո ես հոգնում եմ քաղաքականությունից։ Միացնում եմ համակարգիչս, մի քիչ թափառում ինտերնետով, լցնում 3–րդ բաժակ սուրճս ու սկսում նամակներ գրել կամ պատաստխանել, որոնք կուտակվել էին շաբաթվա ընթացքում։
Ժամը չորսի կողմերը Լոս Անջելեսի հերթն է։ Այնտեղ իմ ընկերը զբաղված է հեռուստաբիզնեսով, գիտի մարդկանց ու լուրեր փոխանակելու արվեստը։ Սովորաբար եթե զանգում է, ու սկսում է շատ–շատ դանդաղ ասել, «Ալոո», նշանակում է, էքսկլյուզիվ ունի...Հեռուստատեսության մասնագետ չէ, բայց բնական ինտուիցիա ունի (այո, դեռ մասնագետ չես, գիտեմ, որ կարդալու ես այս տողերը ու հիմա մի զանգի` դեռ դասի եմ)։ Սովորաբար ամեն ինչից դժգոհ է, բայց երբ գոհ է, շատ բարձր է խոսում՝ գիտեք, երբ որ եկեղեցիում ինչ–որ մեկը բարձր է խոսում, մի տեսակ «բասերը» շատ են լինում։ Այ, այդպիսի ձայն ունի իմ ընկերը։ Մի խոսքով 4-րդ սուրճը նվիրվում է նրան ու նրա միշտ փոփոխվող ծրագրերին և Գլենդեյլյան վերջին բամբասանքներին։
6–ի կողմերը երևում են Քեյսիի կամ իմ այստեղի ընկերները՝ ֆուտբոլ նայելու։ Ամերիկյան ֆուտբոլ։ Կես ժամ նայելուց հետո իմ մոտ արդեն գլխացավ է առաջանում։ Քեյսին պնդում է, որ դա չուտելուց է։ Ես էլ՝ թե ինչու մինչև հիմա չցավեց, հենց սկսեցի նայել, էդ ժամանակ ցավեց։ Մի խոսքով, ընդհանուր հայտարարի չենք գալիս մինչ օրս։ Փոխարենը ես խմում եմ, արդեն կաթով, իմ 5-րդ սուրճը ու արդեն իմ սենյակում ինտերնետով նայում եմ իմ սիրած ամերիկյան ֆիլմերն ու սերիալները, որոնք բաց եմ թողել շաբաթվա ընթացքում։
Մի երեք ժամ նայելուց հետո, գալիս է իմ դասերին նախապատրաստվելու ժամանակը։ Այդ ժամանակ ես պատրաստում եմ իմ վերջին՝ 7–րդ սուրճը, անջատում եմ iPod–ը, անջատում եմ iHome–ը, անջատում են բջջայինս ու....ինչպես միշտ՝ այս անգամ էլ իմ բլոգում եմ սկսել գրել։ Հոգ չէ, այնքան սուրճ եմ խմել, որ դեռ մինչև կեսգիշեր, դեռ ավել էլ կդիմանամ։ Հետո էլ՝ ոնց–որ Քեյսին պիցցա է պատվիրում...դա նշանակում է դեռ հյուրեր ենք ունենալու գարեջրով։ Այնպես որ, ինչպես միշտ՝ կպարապեմ դասի գնալուց առաջ՝ առավոտյան վեցին։
Ինչպես էր քո կիրակին բարեկամ ։)
P.S. Անշուշտ ոչ բոլորն կիրակիներն են իրար նման։ Ընդհակառակը, ամեն կիրակի տարբեր է։ Հիշատակվում է այս մեկը, հաշվի առնելով հանգամանքը, որ բլոգը կարող են կարդալ նաև անչափահասներ։)))))) Ամեն դեպքում մի բան անփոփոխ է՝ սուրճի քանակը։
Իսկական խրատ՝ դասի ժամանակ
Posted on Thursday 4 October 2007 at 05:33 PM in Personal
Դասերից մեկի ժամանակ իմ երկու համադասարանցիները «role playing» էին անում, այսինքն երկու իրար հակամարտող կողմեր էին ներկայացնում՝ հակամարտությունների կառավարման դասի ընթացքում։ Խնդիրը շատ կենցաղային էր՝ մի կողմը՝ ուսանողը գնել էր մեքենա, որը երեք օր հետո փչացել էր։ Դասախոսը խաղում էր միջնորդ–հաշտարարի դերը։
Հիմա չեմ ցանկանում խորանալ դրա արդյունքների մասին, ընդամենն ասեմ, որ մեդիտացիայի վերջում բոլորը պետք է հայտնեին իրենց կարծիքը։ Ես էլ հայտնեցի։ Ասացի, որ հաշտության համաձայնագիրը անարդար է, որովհետև ուսանողը գործարքի զոհն է։ Այդ ժամանակ ուսանողի «դերատակատարը», որը մոտ 50–ամյա կին էր (այո, անգամ 50 տարեկանում մարդիկ չեն ամաչում և սովորում են), ասաց, որ ինքը չի կարծում և այդպես չի խաղացել իր դերը՝ ինքը զոհ չէ։ Հետո նկատեց. «եթե անգամ մի օր ինձ զոհ զգամ, լավ է նույնիսկ թոշակի չգնամ...»։
Հետո մտածեցի՝ ախր իմ ամբողջ կյանքի ընթացքում ինձ սովորեցրել են հենց էդ զոհի կեցվածքն ընդունել վեճի ժամանակ, ինձ միշտ ասել են. «մեղք է, իրեն տուր», «լավ էլի խեղճ է, ընդառաջի...»։ Մինչև հիմա էլ, ես հպարտ եմ, որ ես ցեղասպանությունը պահանջող ազգի ներկայացուցիչն եմ։ Որ մենք շրջափակման մեջ ենք գտնվում, որ մեր միակ հասարակական ինստիտուտը եղել է եկեղեցին, պետություն չենք ունեցել։ Մենք պետք է իրար սիրենք, որովհետև մենք խեղճ ենք, մենք Թուրքիայի զոհն ենք, սովետական ավտորիտարիզմից քաշված....ու սենց շարունակ։ Իմ մտերիմ գործընկերից մեկը մի առիթով նկատեց. ես մարդկանց սիրում եմ, երբ նրանց գործերը վատ են։ Երբ լավ են լինում, ինձ համար անհետաքրքիր են դառնում։
Բայց հերիք չի։ Չեք կարծում, որ ժամանակն է, որ զոհի կեցվածքից դուրս գանք։ Հերիք չէ խեղճերին ընդառաջենք։ Իմ կարծիքով սխալ է։ Հա, ի դեպ, խնդրում եմ չշփոթել կամ ինձ չհամարել մարդասիրությունից զուրկ։ Խոսքն առաջին հերթին սեփական անձի նկատմամբ վերաբերմունքն է...
Մենք ավելի շատ ենք խոսում Ցեղասպանությունից, քան Արցախի պատերազմի հաղթանակից։ Ի վերջո, հենց դա պետք է փոխանցենք մեր սերունդներին։ Հերիք է սկսած պատմությունից վերջացրած կենցաղում թույլի կեցվածք ընդունել։ Ոչ, ճիշտ հակառակը՝ պետք է պայքարել։ Իմ ամերիկացի համադասարանցու ասածի մեջ շատ մեծ ինքնահարգանք կար. ինքնասիրություն ունեցող մարդը զոհի կեցվածք չի ընդունի։ Ես կարծում եմ, որ ճիշտ ժամանակն է մեր մոտեցումը՝ մեր ասելով բոլորիս, ինձնանից սկսած փոխել. զոհ կարող է լինել միայն սպանված մարդը։ Եթե կենդանի ես, ուրեմն պետք է պայքարես....Դասախոսս մի հատ լավ ասացվածք ունի, որը հետևյալն է.՝ եթե դա պատահել քո հետ, ուրեմն դա պատահել է քեզ համար...Անգամ ամենավատ իրավիճակներում կարծում եմ պետք է դասեր քաղել, բայց առաջ անցնել։ Չլռվել։ Չդոփել։
Ֆրեզնոյի արքայազնի վերջին հանգրվանը...
Posted on Saturday 25 August 2007 at 06:03 PM in Personal

Սա Վիլյամ Սարոյանի և չորս տարի առաջ վախճանված նրա դստեր գերեզմանաքարն է Ֆրեզնոյի Արարատ գերեզմանատանը; Տապանաքարը տեղադրվել է բոլորովին վերջերս։ Ընդհանրապես Արարատը ԱՄՆ–ում միակ մասնավոր և միակ գերեզմանատունն է, որտեղ թաղված են միայն հայեր։ Այստեղ է նաև Սողոմոն Թեհլերյանի գերեզմանը։

Երկար եղևնիների պես ծառերով միջանցքը տանում է դեպի Արծվին, որի ոտքերի տակ վերջին շնչի վրա օձն է...

Սողոմոնի շուրջը մարմարե նստատեղիներ են։ Յուրաքանչյուրի վրա ինչ–որ անուններ են գրված։ Թեհլերյանին որ դիմացով կանգնում ես, արձանից ձախ հանգչում են Ժառանգության կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը տատիկն ու պապիկը։ Երկուսն էլ Դաշնակցական... Հետաքրքրական է, որ երկուսն էլ իրեն հոբելյանական հարսանիքի հագուստով...

Հարց ու պատասխան Գլենդելի մասին
Posted on Sunday 12 August 2007 at 12:48 AM in Personal
Այսպիսով իմ ուղևորությունը Կալիֆորնիա ավարտվեց։ Այս պահին դժվար է մեկ բառով նկարագրել կամ ամփոփել վերջին երկու ամիսները։ Մի բան պարզ է՝ ես հեռացա Գլենդելից իմ հետ տանելով իսկապես շատ վառ տպավորություններ, նոր ընկերներ, ու ընկերներ՝ բառի բուն իմաստով, և մեծ ու ահնհասկանալի կարոտ։
Ոսկե նահանգի հայկական քաղաքը հակասական էր ու վառ, զվարթ էր ու թախծոտ, վտանգավոր, բայց՝ խենթ։ Առայժմ չեմ կողմնորոշվում ինչի մասին գրել ու ինչ հերթականությամբ։ Այդ պատճառով առաջարկում եմ հետևյալը։ Հարգելի իմ բլոգի ընթերցող, առաջարկում եմ ՔԵԶ որոշել, թե ինչ ես ցանկանում իմանալ Կալիֆորնիայից, Լոս Անջելեսից, Գլենդելից։ Գուցե իմ ու քո հետաքրքրությունները տարբերվում են։ Այդ պատճառով դու ինքդ հարցրու այն մասին, ինչը քեզ հետաքրքրում է այդ նահանգից ու այնտեղ ապրող մարդկանցից։ Խոստանում եմ օպերատիվ պատասխանել։
Անակնկալ նվեր
Posted on Wednesday 1 August 2007 at 07:02 PM in Personal
Երբեմն լինում են նաև հաճելի անակնկալներ կյանքում։ Իմ մոտ դա տեղի ունեցավ երեկ։ Ու միանգամից երկու հատ։
Անակնկալ N1 Իմ ամառային պրակտիկայի վերջում իմ գործընկերները ինձ նվիրեցին նկարում պատկերված iPod–ը։ Սա տեխնիկայի և Մաք ընկերության վերջին գլուխգործոցն է։ Այս Mp3 player–ով կարող ես լսել մինչև 7500 երգ, դիտել մինչև 30 ժամ ֆիլ ու սերիալ, բոլոր նկարներդ ու փաստաթղթերդ պահել։ Շատ թեթև է ու շատ հարմար։

Անակնկալ N2– Հենց նոր հեռախոսացազանգ ստացա, որ ընդունվել եմ Հակամարտությունների կառավարում մեկամյա հատուկ կուրսին, որը ԱՄՆ–ի առաջին տասնյակում է մտնում։ Շատ մեծ մրցակցություն էր, անգամ մեծ հույսեր էլ չունեի, որ կանցնեի։ Բայց անցա։ Առաջիկա աշունը խոստանում է շաաատ հետաքրքիր լինել։ Ինչն էլ բոլորին եմ մաղթում։
Հայ երգչուհիների վերջին հանգրվանը
Posted on Wednesday 25 July 2007 at 04:22 PM in Personal
Ես հասկանում եմ, որ ի տարբերություն դերասանուհիների, երգչուհիների պակաս Երևանում չի զգացվում: Բայց ահա ցուցակը այն երգչուհիների, որոնք արտերկրում են.
Էռնա Յուզբաշյան- Հայտնի էստրադային երգչուհի էր: Հիմա երգում է հարսանիքներում: Շուտով հանդիպելու եմ, ավելի մանրամասն կգրեմ:
Տաթևիկ Հովհաննիսյան- Հայտնի է, որ Նյու-Յորքում է: Ջազ է երգում: Փորձեցի գտնել Նյու-Յորքում, բայց որևէ կերպ նրա վրա դուրս գալ չհաջողվեց:
Արաքս Վարդերեսյան-Հորիզոն հեռուստաընկերությամբ վարում է սոցիալական հաղորդում: Ասում է, որ նոր ձայնասկավառակ է ձայնագրելու, սակայն ընդհանուր առմամբ "Էս ով ինձ անիծեց" երգից հետո ոչ մի հիթ չի գրել:
Աննա Արմենակյան-Օպերայի ակումբի երգչուհին եկավ Գլենդեյլ, որովհետև ծնողներն էին այստեղ: Գլենդելում է վերջին երկու տարին: Միայն վերջերս նոր տեսահոլովակ է թողարկել:
Իզաբել Բարյաքդարյան-Նյու-Յորքի Մետրոպոլիտեն օպերայի մեներգչուհի: Հրաշք: Ցուցակում նշվածներից ամենահաջողակը:
Հասմիկ Պապյան -Օպերային մեներգչուհի: Մեր երկրորդ պարծանքը: Ապրում և աշխատում է Գերմանիայում: Անձամբ շփվել եմ: Չափազանց հաճելի կին է և երգչուհի:
Արաքս Մանսուրյան- Շուշան Պետրոսյանի մայրը: Ավստրալիայում է: Ասում են` Սիդնեյի Օպերայում է երգում: Բայց քանի որ չկա որևէ փաստացի ապացույց, ապա նույնքան հավանական է, որ չի երգում: 2008-ի գարնանը պատրաստվում է համերգով հանդես գալ Գլենդելում:
Այս ցուցակն ամբողջական չէ: Comment բաժնում համալրիր ցուցակը: Հաճույքով կավելացնեմ հիմնական տեքստին:
P.S. Ավելացվում է Վահեի առաջարկով
Էլվինա Մակարյան -Վահեն գրել է. "Արժեր ավելացնել ցուցակում Էլվինա Մակարյանին։ Չէ՞ որ նա մնաց հավերժ արտասահմանում և այդպես էլ չվերադարձավ հայրենիք, բայց նրա երգն ապրում է": Ամբողջությամբ համաձայն եմ:
Հայ դերասանուհիների վերջին հանգրվանը
Posted on Tuesday 24 July 2007 at 08:35 PM in Personal
Ես չգիտեմ ինչից է, բայց հայ կինոյի ու թատրոնի մի ամբողջ աստղաբույլ այսօր ապրում է Գլենդելում` սովորաբար միայնակ ու շատ տխուր:
Ալլա Թումանյանը ապրում է միայնակ: Վերջերս կորցրել է ամուսնուն, այժմ ստանում է թոշակ: Որոշել է մեկնել Երևան և վաճառել իր բնակարանը, որովհետև փողի կարիք ունի:
Վիոլետ Գևորգյան նույնպես` միայնակ թոշակառու: Երբեմն հայտնվում է ինչ-որ ներկայացումներում, որոնք ոչ լավն են, ոչ էլ կարգին հանդիսատես կա: Տառապում է հոդացավերից ու դեպրեսիայից:
Գալյա Նովենց` որդուն կորցնելուց հետո առանձնացել է աշխարհից ու մեկուսի կյանք է վարում: Շատ հազվադեպ մեկնում է Երևան: Հիմնականում մենակ է` ամուսինը այցելում է ժամանակ առ ժամանակ:
Տաթևիկ Ղափլանյանը ապրում է ամուսնու հետ, սակայն վերջերս կորցրել է որդուն: Տառապում է նրա վաղաժամ հեռացումից, խորը դեպրեսիայի մեջ է:
Թամար Հովհաննիսյան` Ֆրունզիկի կինը: Երկար ժամանակ նրանից ոչ մի ձայն չկար: Հիմա նորից վերադարձել է թատրոն, կարծես թե:
Նարե Հայկազյանը` ինքն էլ չի հասկանում թե ինչու է այստեղ: Չգիտի, լավ է, թե վատ: Ներկայացումներում շատ հազվադեպ է երևում: Զբաղվում է դիզայնով...
Նրանցից շատերը ստիպված էին լքել Երևանը, մյուսները` ստիպված են մնալ, բայց բոլորը իրենց լավ չեն զգում: Անորոշ, ոնց-որ երազի մեջ: Ափսոս են այս հայուհիները, ախր տաղանդավոր են, բեմի արժանի ու դրա կարիքն ունեցող: Այս օրերին մտածում եմ նրանց վերադարձնելու հնարավորության մասին: Գուցե պետական ծրագրով կազմակերպել նոր հայրենադարձություն, խոստանալ որոշակի գումար: Ախր, պետք է խնայել ու սիրել մարդկանց, որ վաստակ ունեին ու տաղանդ, որ այսօր դեռ մեզ պետք է...Անտարբերությունը սպանեց Էլվինա Մակարյանին, արդյոք մենք այնքան շատ ենք, որ կարող ենք մեզ թույլ տալ անտարբեր լինել մյուսների նկատմամբ: Չգիտեմ...այսօր պետությունից պահանջվում է մարդասիրություն, իշխանությունից` հոգատարություն, հասարակությունից` աջակցություն, ինձնից` նախաձեռնություն, իսկ քեզանից...ինքդ որոշիր ու գրիր Comment բաժնում:
Քաղաքավարի խորհուրդ
Posted on Tuesday 24 July 2007 at 02:16 PM in Personal
Իմ ընկերների հետ միասին Գլենդելում վիճում էինք քաղաքականությունից, մարդու իրավունքներից, լրագրությունից: Թեժ պահին ընկոջս մայրը, որ ուշադիր հետևում էր մեր զրույցին, հանկարծ միջամտեց, և դիմեց ինձ դեմքի հուսահատ արտահայտությամբ
- Ցավդ տանեմ, ինչիդ է պետք քաղաքականությունը: Լավ ձայն ունես, գուցե երգիչ դառնաս......
Հիմա մտածում եմ` գուցե երգեմ...հրավեր էլ ունեմ և ձայնագրության և դուետի...
Մի անգամ Գլենդեյլում
Posted on Tuesday 17 July 2007 at 05:22 PM in Personal
Շատ սովորական, երկար տարիներ առաջ ԱՄՆ ներգաղթած, բայց այդպես էլ "լեզուն" չփոխած գյումրեցի տղան Գլենոկս կոչվող ու կենտրոնական համարվող փողոցում նկատում է հայ աղջիկների ու փորձում է "կոնտակտի" մեջ մտնել.
- Ծո քուրիկ ջան, ուր կէրթաս օր:
-Լենինական,-հնչում է պատասխանը:
Նույն տղան խանութում ամեն անգամ հարցնում է.
-Հաու մաճ է օր,- նկատի ունենալով how much (որքան) անգլերեն արտահայտությունը...:
P.S. Այս, ստորև և գալիք բոլորը պատմությունները ԻՐԱԿԱՆ են` առանց որևէ գեղարվեստական կամ լրագրողական խմբագրման ու միջամտության:
Last Page | Page 1 of 2 | Next Page
|
|
|